Սելեստեն Ֆրենեն եղել է ֆրանսիացի մեծ մանկավարժ: Խր խոսքով՝ «Մշակելով մեր մանկավարժական տեխնիկան՝ մենք երբեք չենք հենվել որևէ մանկավարժական տեսության վրա։ Մեր մեթոդները հիմնված են բացառապես փորձի վրա, որը մենք ստացել ենք երեխաների հետ անմիջական աշխատելիս։ Մեր նորամուծություններից և ոչ մեկը չունի որևէ ապրիորի (փորձի վրա չհիմնված) գաղափարի արմատներ»:

Ի՞նչ է ինվարիանտը. որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխությունների ժամանակ մաթեմատիկական և ֆիզիկական մեծությունների անփոփոխ մնալու հատկությունը։ Ահա Ֆրենեն գրել է ընդհանուր մանկավարժական ինվարիանտներ:

  • Երեխայի բնույթը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մեծինն է: Երեխայի զգացմունքները պակաս կարևոր չեն, քան մերը, ավելին՝ հասուն տարիքում մարդն արդեն կոփված է որոշ չափով, իսկ երեխան դեռ գտնվում է իր աճի և զարգացման շրջանում, հետևաբար պետք չէ երեխային պատժել ամենայն խստությամբ, գուցե դա շատ մեծ հետքեր թողնի իր հոգեբանական աշխարհի վրա:
  • Մարդու բարձր հասակն ամենևին շրջապատի նկատմամբ նրա առավելության մասին չի խոսում: Արտաքին ոչ մի առավելություն մյուսների նկատմամբ չի որոշում մարդու էությունը, և չի կարող որևէ արգելք հանդիսանալ ցածրում կանգնածի համար: Ֆրենեն խոսում է այն մասին, որ պետք է հեռացնել լսարանից բոլոր այն հարթակները, որոնք ուսուցչին արհեստականորեն ավելի բարձր են պահում սովորողներից: Ընդհակառակը, սովորողը գուցե ուզում է իր կողքին տեսնել իրեն հավասար(հարթակում գտնվող) մեկին և կարողանա անկաշկանդ արտահայըել իր միտքը, կարծիքը, դիրքորոշումը: Ուսուցչին ոչ աթոռն է բարձրացնում, ոչ բարձր հասակը, այլ մանկավարժական այն մոտեցումները, որոնք երեխայի սրտում սեր և վստահություն են սերմանում:
  • Դպրոցում երեխայի վարքը նրա հոգեկան և առողջական վիճակից է կախված: Վարքային ցանկացած անհավասարակշիռ դրսևորման ետևում կարող է թաքնված լինել որևէ առողջական կամ հուզական խնդիր. պետք է փորձել հասկանալ, թե ինչն է խնդիրը և հետո լուծել՝ դրանով իսկ խաղաղեցնելով դասարանը և հանդարտեցնելով երեխային:
  • Ոչ ոք չի սիրում, որ իրեն հրամայում են: Այո, ոչ ոք չի սիրում, առավել ևս չի հանդուրժում, երբ իրեն հրամայում են: Կարծում եմ՝ դա միայն հակառակ էֆֆեկտ կարող է տալ: Հարցը պետք է լուծել սիրով և համերաշխությամբ, այդ դեպքում համոզված եղեք, որ աշխատանքը գոհացնող է լինելու:
  • Յուրաքանչյուր մարդ գերադասումէ ինքն ընտրել իր աշխատանքը, նույնիսկ եթե այն ձեռնտու չէ: Յուրաքանչյուրս սիրով կատարում ենք այն աշխատանքը, որը մեզ հաճելի է, որից չենք նյարդայնանում, չենք դժգոհում, նույնիսկ եթե ահռելի ծավալի է, չենք խուսափում. դա սիրով արվող աշխատանքն է: Ցանկացած թեմայի մեջ դրեք սեր, և այն կծաղկի: Գուցե արդյունքներն այնքան էլ գոհացնող չլինեն դիմացինի համար, սակայն Դուք հո գիտե՞ք, որ այն Ձեր անձը երջանկացրել է, ուրեմն ավելի լավ արդյունք չի կարող լինել: Կարող է ձեռնտու չլինել գուցե ֆինանսական մասով, բայց լինել համբերատար, կնշանակի նաև ձգտել, ուրեմն հավատացեք, որ մի օր էդ երկուսը մեկտեղվելու են:
  • Յուրաքանչյուր մարդ ձգտում է հաջողության: Անհաջողությունն արգելակում է աշխատանքը և զրկում ոգևորությունից: Երեխայի հաջողությանը չեն կարող նպաստել անվերջ դժգոհությունները, պարտադիր առաջադրանքները, որոնք այնքան ձանձրալի են, ուսուցչի խտրականությունը իր և մյուս սովորողների միջև: Երեխայի մոտ պետք է գնահատել փոքրիկ հաջողությունները՝ թույլ տալով դրանց մեծանալ և աճել:
  • Հիշողություն: Սովորողների յուրացրած տեքստերը, էջերով սովորած անգիրները դեռ գիտելիքի հիմք չեն հանդիսանում, Մի քանի թվական հիշելը չի կարող ցույց տալ, որ մարդը խելացի է, ուստի անգիրի դպրոցը գրավականը չէ խելքի. այն միայն թվացյալ խելացիության պատնեշ կարող է ստեղծել:
  • Գիտելիքները ձեռք են բերվում փորձի միջոցով, այլ ոչ թե օրենքների և կանոնների ուսումնասիրմամբ: Իհարկե լավ է, երբ սովորողը աշխատանքը կատարելուն զուգահեռ իմանում է տվյալ թեմային վերաբերող բոլոր օրենքներն ու կանոնները, բայց շեշտը ավելի շատ պետք է դնել գործնականության վրա և հետո սովորել օրենքները. այդ ժամանակ արդեն սովորողն ինքը կկարողանա հասկանալ, թե ինչ է թաքնված օրենքի և կանոնի ետևում:
  • Երեխան չի սիրում ex cathedra բացատրություններ լսել: Ex cathedra արտահայտությունը նշանակում է ամբիոնից, պաշտոնական դիրքից և հեղինակության ուժով: Իհարկե սովորողին հաճելի չէ լսել նման կերպ արված դասը, այն ավելի շատ նման է լինում հոգնեցնող դասախոսության: Պետք է թողնել բոլոր հարթակները, դրանք շխատում են ի վնաս ուսման:
  • Առաջադիմության գնահատանիշ դնելը և աշակերտին որակելը սկզբունքորեն սխալ են: Այսօր և առհասարակ դպրոցներում գնահատման մեթոդը կիրառվում է աչառությամբ: Գնահատականը անընդհատ ճնշման տակ է պահում երեխային, հաճախ իրենք սկսում են սովորել գնահատականի վախից, ծնողի վախից. քչերն են, ում համար առաջնայնությունը տրվում է գիտելիքին և ապա համապատասխան գնահատականին: Գնահատական կոչվածը միայն սահմանափակում է երեխային, քանի որ նրանց մտքում անընդհատ շրջափուլի մեջ են գտնվում գնահատական-գնահատականի վախ-ծնողից վախ. այստեղ է, որ վերջին պլան է մղվում գիտելիքը:
  • Անհրաժեշտ է հնարավորինս քիչ խոսել: Հանրակրթական դպրոցներում կա այսպիսի մոդել՝ խոսող ուսուցիչ-լուռ դասարան: Անշուշտ, դասարանի աղմկելու մասին չէ խոսքը, այլ չմեռած, կենդանի դասարանի, որը կազմված է յուրաքանչյուր աշակերտից: Ուսուցիչը պետք է քննարկման վերածի դասը, որտեղ հնարավոր կլինի զարգացնել երեխաների վերլուծական միտքը, խոսքային հմտությունները:
  • Դասարանի կարգապահություն: Սա թվացյալ կարգապահության մասին չէ, կարիք կա, մտցնել երեխաների մեջ ներքին կարգապահության գիտակցում (դասի, նյութի, պարբերաբար տարվող աշխատանքների միջոցով) և ունենալ զբաղված աշակերտներ, ովքեր դասապրոցեսի մեջ են, բայցև ապահովում են իրենց կարգապահությունը: